Рубрика: առաջին օգնություն, ծնողական դպրոց, վերապատրաստում

Առաջին օգնություն երեխաներին. Ջերմային խանգարումներ

doctors.am Առաջին օգնություն երեխաներին. Ջերմային խանգարումներ
Ջերմակարգավորման շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների: Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել` հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների: Հայտնի է, որ երեխաները ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Փոքր երեխաներն ավելի խոցելի են նաև արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը` ավելի նուրբ:Ցրտահարում

Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով մարմնի հյուսվածքների տեղային վնասումն է:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.
— մաշկի սառնություն,
— այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
— մաշկը դառնում է մոմանման, սպիտակադեղնավուն կամ կապտավուն: Վնասված հատվածի տաքանալուց հետո այն կարող է կարմրել, կապտել կամ այտուցվել: Մաշկի վրա կարող են ի հայտ գալ հեղուկով լցված բշտեր:

Ինչ անել

— Հանեք խոնավ հագուստը և երեխային հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ վնասված հատվածը փաթաթեք բրդյա գործվածքով:
— Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Տաքացրեք վնասված հատվածը ձեր մարմնի ջերմությամբ: Ցրտահարված ձեռքերը կարող եք դնել ձեր թևատակերում, իսկ ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը կարելի է ծածկել ձեռքի ափով:
— Երեխային խորհուրդ տվեք շարժվել, թռվռալ, վազել:
— Ցրտահարված մասը դրեք թեթևակի գոլ ջրի մեջ և աստիճանաբար տաքացրեք ջուրը մինչև 40 աստիճան:
— Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով: Ցրտահարված մատները փափուկ գործվածքով առանձնացրեք միմյանցից:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ինչ չի կարելի անել

— Մի շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով:
— Մի բացեք բշտերը:
— Մի տաքացրեք ցրտահարված մասը կրակի կամ տաքացուցիչի մոտ:
— Թույլ մի տվեք, որ ցրտահարված մասը կրկին սառչի:

Մարմնի ընդհանուր սառեցում

Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշաններն են`
— սկզբնական շրջանում՝ դողի առկայություն, հետո` դողի բացակայություն,
— սառը, գունատ, չոր մաշկ,
— մարմնի` 35 C-ից ցածր ջերմաստիճան,
— կողմնորոշման խանգարում, դժվարացած քայլվածք,
— քնկոտություն,
— անտարբերություն, ապակենման սառն ու անհաղորդ հայացք,
— դանդաղ անոթազարկ և շնչառություն,
— գիտակցության խանգարումներ:

Ինչ անել

— Տեղափոխեք երեխային տաք տեղ, ընդ որում դա այնպես կազմակերպեք, որ երեխան ինքնուրույն չշարժվի, օրինակ` նրան գրկած տարեք:
— Փոխեք թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը:
— Երեխային փաթաթեք ծածկոցով` ընդգրկելով նաև գլուխը, տաքացրեք նրան ձեր մարմնի ջերմությամբ:
— Տվեք տաք, քաղցր հեղուկներ:
— Ջերմակներ տեղադրեք (տաք ջրով լցված շշեր և այլն) երեխայի անութափոսերում և աճուկային հատվածում:
— Ահազանգեք շտապ օգնություն:

Մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ երեխայի մոտ կարող է լինել նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին: Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել:

Ինչ չի կարելի անել

— Թույլ մի տվեք տուժածին շարժվել:
— Մի տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը:
— Մի բարձրացրեք տուժածի ոտքերը:
— Տուժածին մի սուզեք տաք ջրի մեջ:
— Մի ընդհատեք մարմնի տաքացումը:
— Մի տվեք երեխային ալկոհոլային խմիչքներ:

Ջերմային հարված և արևահարություն

Ջերմային հարվածը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արևահարությունը նման է ջերմային հարվածին, բայց առաջանում է գլխի վրա արևի ազդեցության հետևանքով: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ արևի տակ գտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ` գիշերը:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Հիվանդության ախտանշաններն են`
— մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
— մաշկի կարմրություն և չորություն,
— գլխացավ, գլխապտույտ, թուլություն,
— անհանգստություն, գրգռվածություն,
— աղմուկ` ականջներում,
— արյունահոսություն քթից,
— սրտխառնոց, փսխում:

Ինչ անել

— Տեղափոխեք երեխային հով, ստվերոտ վայր:
— Երեխայի գլխին, անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով:
— Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
— Եթե երեխան գիտակցությունը չի կորցրել, տվեք նրան սառը, քաղցր հեղուկներ, հանքային ջրեր:
— Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ջերմային խանգարումների կանխարգելումը

Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած հիվանդագին վիճակները հնարավոր է կանխել: Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին.
— Արգելեք երեխային օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվել:
— Թույլ մի տվեք երեխային ձմռանը մնալ դրսում, եթե նրա հագուստը կամ կոշիկները թրջվել են:
— Երեխային հագցրեք եղանակին համապատասխան, շոգ եղանակին նախընտրեք բաց գույնի բամբակյա հագուստ և արևի ուղղակի ճառագայթներից երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով կամ հովանոցով, իսկ ցուրտ եղանակին նախապատվությունը տվեք բրդյա խիտ գործվածքներից հագուստներին:
— Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք խմելու: Ամռանը նրան առաջարկեք սառը ըմպելիքներ (հանքային ջուր, հյութեր), ձմռանը` տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր):

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Реклама

Առաջին օգնություն երեխաներին. Ջերմային խանգարումներ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s