Рубрика: 7դասարան

Կարմրախտ

Նկարագրություն

Կարմրախտը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, թույլ արտահայտված լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ), ծոծրակային ավշահանգույցների մեծացմամբ, ցավոտությամբ և մաշկի ցանով:

Պատճառներ

Կարմրախտի հարուցիչը վիրուսն է, որը հիվանդի խորխի, թքի և արցունքի կաթիլների հետ (հազալիս, փռշտալիս, խոսելիս) օդակաթիլային ճանապարհով առողջ մարդու շնչուղիներով թափանցում է օրգանիզմ: Կարմրախտով կարող են վարակվել ամեն տարիքում, սակայն առավել հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները, իսկ հասուն մարդիկ` հազվադեպ: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Կարմրախտով հիվանդը վարակի աղբյուր կարող է լինել նույնիսկ հիվանդության բոլոր ախտանշաններն անցնելուց հետո (մոտ 2 շաբաթ):

Պաթոգենեզ

Կարմրախտի վիրուսն օրգանիզմում կարող է մնալ 16-21 օր, և հիվանդությունը չդրսևորվի (գաղտնի շրջան): Հիվանդության նախանշանային շրջանը դրսևորվում է թույլ արտահայտված հարբուխով, հազով և հաճախ աննկատ է մնում: Ծոծրակային և պարանոցային ավշահանգույցները մեծանում են և շոշափելիս ցավոտ են: Այս ախտանշաններին զուգահեռ կամ 1-2 օր անց դեմքի և մարմնի վրա առաջանում է բաց վարդագույն մանր ցան, որը 2-3 օրից անցնում է` հետք չթողնելով: Բարձր ջերմաստիճանը պահպանվում է 1-3 օր: Հաճախ հիվանդության ընթացքում ջերմաստիճանը կարող է չբարձրանալ, և երեխայի ընդհանուր վիճակը չփոխվել: Կարմրախտը կարող է ընթանալ նաև գաղտնի, առանց ախտանշանների: Սովորաբար կարմրախտից բարդություններ չեն լինում:

Կարմրախտով հիվանդ հղի կնոջ պտղին ներարգանդային վարակման վտանգ է սպառնում, նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում: 1941 թվականին ավստրալացի բժիշկ Գրեգը հայտնաբերել է, որ հղի կանանց կարմրախտը կարող է երեխաների բնածին ծանր արատների պատճառ դառնալ: Նման երեխաները ծնվելուց հետո (մոտ 18 ամիս) շրջապատի համար կարող են լինել վարակի աղբյուր:

Բուժում

Կարմրախտը բուժում է բժիշկը` տնային պայմաններում: Երեխային անհրաժեշտ է դյուրամարս սնունդ և հանգիստ:

Կանխարգելում

Հարկավոր է հիվանդ երեխային ժամանակին մեկուսացնել մանկական կոլեկտիվից: Հղի կանայք պետք է խուսափեն կարմրախտով հիվանդներից, իսկ շփման դեպքում` խորհրդակցեն բժշկի հետ

աղբյուր՝ http://www.doctors.am/am/diseases/%D4%BF%D5%A1%D6%80%D5%B4%D6%80%D5%A1%D5%AD%D5%BF/92

Оставьте комментарий