Рубрика: Նորություններ

ուրց

download (1)
download
Ուրցի օգտակարությունը
Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացող ցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ: Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերի ծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ամբողջ բույսն ունի սուր, հաճելի, բուրավետ հոտ:
Հանդիպում է մեր հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում` քարքարոտ, արևաշատ լանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանային և ալպյան մարգագետիններում, սոճու և գիհու անտառներում, խամահողերում, դաշտերում և այլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ:
Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը դանակով կամ մանգաղով առանց արմատը հանելու կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնում կոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում:
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց: Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել են դիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը` բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ) դեղաբույսը, առանձին կամ յուղի, գինու, մեղրի և այլ նյութերի հետ խառնված, բացում է օրգանների խցանումները, մեզը, միաժամանակ փքահան է, հալում են ուռուցքները, օգնում է դեղնուկին, զորություն տալիս ուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ու փսխումը, թքահոսությունը, կերակրի հետ ուտելուց` օգնում ատամնացավին, ասթմային, ուժեղացնում տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում շնչառությունը, լուծում խուխը, դադարեցնում արյունախխումը, լավացնում մարսողությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը:
Խառնված յուղի կամ գինու հետ՝ ուրցը բուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակում մեղրաջրով մաքրում է ստամոքսը և լյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսը կործանարար է ազդում լվերի և ոջիլների վրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս է բերում մեռած պտուղն արգանդից, գցում միզուղիների քարը: Խառնված վարդի յուղի և քացախի հետ` քսելու ձևով, կտրում է գլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվի խայթածին, սերմերը բացում են դաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմը նշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության և երիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղ համարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրող միջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում են աչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը` մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթով ներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
Այլ օգտակար հատկանիշներ
Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսով ճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգի թթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալի մեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար:
Եթերայուղը օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաև պարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղող հատկություն:
Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցը բարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսը դեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր և ալպինարիաներ պատրաստելու համար:
Հոդվածի հեղինակ` Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
«Հայաստանի դեղաբույսերը»
Рубрика: Նորություններ

Դաղձ

Անանուխ (мята)

Անանուխ (мята)

Անանուխը (նանա) բազմամյա խոտաբույս է: Այս բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհին` Պերսեֆոնեն դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:

 

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է՝ 4-6, տերեւներում` 2,4-2,75, իսկ ցողուններում` մինչեւ 0,3 տոկոս: Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով: Իհարկե, բույսի հիմնական մասը ` 41-65 տոկոսը, երկրորդային սպիրտ-մենթոլ է: Այն պարունակում է այլ շատ օգտակար նյութեր եւս` պինեն, լիմոնեն, ցինեոլ եւ այլն:

 

Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքը, այլ նաեւ նրանից ստացվող եթերայուղերը: Անանուխն անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը, իսկ միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է մարդկանց ուղեղի աշխատանքը: Ավիցենան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, մելամաղձի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, բերանի լորձաթաղանթի բորբոքումների դեպքերում: Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող, թարմացնող միջոց սրտխառնոցի, փսխման ու լուծերի դեպքում (ինչն այժմ եւս մեծ տարածում ունի): Ամիրդովլաթը նշում է, որ անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, բերանից վանում է սխտորի, սոխի հոտը, տաքացնում է ստամոքսը, կտրում է ործկալը, բուժում մաշկի դեղնությունը, սպանում է ճիճուներին, կարգավորում է մարսողության խանգարման երեւույթները, դադարեցնում է արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի եւ մեղվի խայթածին:

 

Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր ու պահանջկոտ լույսի նկատմամբ, իսկ շոգ եղանակին, պետք է ասել, դրա աճը խիստ դանդաղում է: Ծաղկում է հիմնականում հուլիս-օգոստոս ամիսներին: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերեւները: Հումքը հավաքում են ծաղկման սեզոնին, մի քանի ժամ թողնում արեւի տակ, հետո լրիվ չորացնում քամոտ վայրում, այսինքն՝ համեմատաբար հով տեղում: Մշակված հումքը պոլիէթիլենե տոպրակի մեջ պահելը ճիշտ չէ: Պետք է պահել կտորի տոպրակի կամ փայտի արկղիկի մեջ:

 

Բույսի կաթիլներն ու եփուկը լոգանքի ձեւով օգտագործում են երեխաների ռախիտի, գեղձախտի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների ժամանակ: Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ ընդունված է այն կարծիքը, որ անանուխն ավելացնում է կերակրող մոր կաթը: Տերեւների թրջոցն օգտագործում են ռեւմատիկ հոդացավերի ժամանակ:

 

Անանուխի թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած անանուխի տերեւներ ու վրան լցնում 1 բաժակ եռջուր` թողնելով մնա 30 րոպե: Հետո կարելի է քամել ու գոլ վիճակում դանդաղ կումերով խմել` օրվա ընթացքում: Այս թուրմը կարելի է օգտագործել կոկորդը եւ բերանի խոռոչը ողողելու, ինչպես նաեւ՝ մաշկի քորը հանգստացնելու նպատակով:

 

Եփուկը պատրաստելու համար վերցնում են 50 գ հումք եւ եռացնում 1 դույլ ջրում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով: Այն շատ լավ օգնում է նյարդային լարված պահերին: Անանուխի ծաղկից ստացվում է շատ համեղ մեղր:

 

Տերեւների փոշուց մի պտղունց կարելի է լցնել լեզվի վրա եւ վրայից գոլ ջուր խմել: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին ու բերանի վատ հոտին:

 

Անանուխը լայնորեն կիրառվում է նաեւ սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակին, աղցանին, պանրին, բանջարեղենով եւ մսով պատրաստված ճաշատեսակներին: Անանուխի հյութը կարտոֆիլի հյութի հետ մեկտեղ հիանալի միջոց է ստամոքսի բարձր թթվայնության հետեւանքով առաջացած այրոցի դեմ: Իսկ ահա անանուխի սպիրտային լուծույթի 20 կաթիլը եթե լուծեք 1 բաժակ սառը ջրի մեջ ու խմեք առավոտյան, լավ կթեթեւանաք նախորդ օրվա գինարբուքից հետո: